Ինչպե՞ս պաշտպանվել օդի աղտոտումից

1. Հետևեք օդի աղտոտմանը

Պաշտպանության առաջին քայլը տեղեկացվածությունն է։ Հետևեք օդի որակին ձեր տարածաշրջանում՝ օնլայն ծառայությունների կամ բջջային հավելվածների միջոցով, որոնք ցույց են տալիս աղտոտման ընթացիկ մակարդակը (PM2.5, PM10 և այլ նյութեր)։ Աղտոտման մակարդակը կարող եք իմանալ նաև մեր կայքում։

Բարձր աղտոտման ժամանակահատվածներում փորձեք սահմանափակել փողոցում անցկացրած ժամանակը, հատկապես ճանապարհների կամ արդյունաբերական գոտիների մոտ։ Պլանավորեք զբոսանքներն ու ֆիզիկական ակտիվությունները առավոտյան կամ երեկոյան, երբ օդի աղտոտումը հաճախ ավելի ցածր է լինում։

2. Մաքրեք օդը տարածքում

Մանր մասնիկները, այդ թվում՝ PM2.5-ը, հեռացնելու համար օգտագործեք HEPA ֆիլտրով օդը մաքրող սարք։ Մոդելն ընտրեք ըստ մասնիկների CADR ցուցանիշի, ոչ միայն տուփի վրա նշված սենյակի մակերեսի. որքան բարձր է CADR-ը, այնքան շատ մաքուր օդ է սարքը մատակարարում մեկ ժամում։ Մոտ 2,5 մ առաստաղով 20–30 մ² սենյակի համար որպես ուղենիշ վերցրեք մոտ 200–300 մ³/ժ։ CADR-ով ընտրելու մասին ավելին՝ EPA-ի ուղեցույցում։

Ուժեղ աղտոտման ժամանակ պատուհաններն ու դռները փակ պահեք և սարքը միացրեք համապատասխան արագությամբ։ Գնելուց առաջ համոզվեք, որ հենց այդ մոդելի փոխարինվող ֆիլտրը հեշտ է ձեռք բերել. գերբեռնված ֆիլտրը վատ է աշխատում։

Օդը մաքրող սարքի ընտրության և Երևանում առկա մոդելների մասին ավելին կարդացեք մեր «Ինչպես պատրաստվել ձմռանը Երևանում. օդը մաքրող սարքեր և ռեսպիրատորներ» հոդվածում։

3. Մի շփոթեք օդի մաքրումն ու խոնավացումը

Խոնավացուցիչը չի զտում օդը և չի փոխարինում օդը մաքրող սարքին։ Ծորակի ջրով լցված ուլտրաձայնային խոնավացուցիչը կարող է ջրի հանքանյութերը տարածել օդում՝ առաջացնելով սպիտակ փոշի և բարձրացնելով մասնիկների սենսորի ցուցմունքը։ Այդ կախույթը նվազեցնելու համար հետևեք սարքի հրահանգներին և օգտագործեք հանքանյութերի ցածր պարունակությամբ ջուր։ Մանրամասները՝ EPA-ի հուշաթերթում։

Տնային բույսերը պահեք հարմարավետության համար, բայց մի համարեք դրանք PM2.5-ից պաշտպանություն։ Ըստ EPA-ի՝ բույսերի սովորական քանակը տների կամ գրասենյակների օդից աղտոտիչների նշանակալի քանակ չի հեռացնում։

4. Օգտագործեք անձնական պաշտպանություն

Ուժեղ աղտոտման ժամանակ փորձեք խուսափել դրսում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես ճանապարհների և արդյունաբերական գոտիների մոտ։ Ժամանակն ու երթուղին ընտրեք ըստ օդի որակի ընթացիկ ցուցմունքների։

PM2.5-ից պաշտպանվելու համար օգտագործեք հավաստագրված FFP2 ռեսպիրատոր՝ EN 149 ստանդարտով կամ դրա համարժեքը՝ NIOSH-ի կողմից հաստատված N95 կամ KN95՝ GB 2626 ստանդարտով։ Առանց ստանդարտի «հնգաշերտ դիմակ» գրությունը պաշտպանություն չի հաստատում, իսկ սովորական կտորե և բժշկական դիմակները նույն հպումն ու զտումը չեն ապահովում։ Ստանդարտների համեմատությունը՝ ԱՀԿ-ի նյութում։

Ռեսպիրատորի ընտրության և Երևանում հավաստագրված մոդելներ գտնելու մասին ավելին կարդացեք մեր «Ինչպես պատրաստվել ձմռանը Երևանում. օդը մաքրող սարքեր և ռեսպիրատորներ» հոդվածում։

Ինչպես ճիշտ օգտագործել ռեսպիրատորը

Ռեսպիրատորը պետք է ամուր նստի քթի, այտերի և կզակի շուրջը։ Հպման հատվածի մորուքն ու չսափրված մազերը խախտում են հերմետիկությունը։ Ամեն անգամ ռեսպիրատորը դնելուց հետո ստուգեք հպումը.

  1. Երկու ձեռքով քթի ամրակը ձևավորեք ըստ քթի ձևի. մի սեղմեք այն միայն մեկ ձեռքով։
  2. Առանց ռեսպիրատորը տեղաշարժելու՝ ափերով ծածկեք զտող մակերեսի այնքան մասը, որքան թույլ է տալիս կառուցվածքը։
  3. Հանգիստ ներշնչեք և արտաշնչեք։ Օդը չպետք է անցնի քթի, այտերի կամ կզակի եզրերով։
  4. Եթե արտահոսք եք զգում, ուղղեք քթի ամրակն ու կապերը և նորից ստուգեք։ Եթե հերմետիկություն չկա, ընտրեք այլ մոդել կամ չափ։

Կոնկրետ մոդելի համար հետևեք արտադրողի հրահանգներին. ստուգման եղանակը կարող է տարբեր լինել, հատկապես փականով ռեսպիրատորների դեպքում։ Թրջված, վնասված կամ շնչառությունը նկատելիորեն դժվարացնող ռեսպիրատորը փոխեք։ Առաջարկությունների աղբյուրը՝ NIOSH։

Հարցեր և մեկնաբանություններ

Մեկնաբանությունները բեռնվում են…